ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Դովեղը սահմանամերձ գյուղ չէ, սահմանապահ գյուղ է»

«Դովեղը սահմանամերձ գյուղ չէ, սահմանապահ գյուղ է»
01.05.2012 | 00:00

Բոլորիս է հայտնի, որ ապրիլի 25-ին մոտ 30 րոպե ադրբեջանական սահմանից գնդակոծվել է Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղը: Գնդակոծության թիրախ են դարձել գյուղի նախակրթարանի, գյուղապետարանի շենքերը, գյուղի գլխավոր ճանապարհը, որով իրենց երթևեկն են անում գրեթե բոլոր բնակիչները, այդ թվում` դպրոց գնացող-եկող աշակերտությունը:

Ադրբեջանական դիրքերը գտնվում են գյուղից 1-1,5 կմ հեռավորության վրա: Բնականաբար, այդպիսի աշխարհագրական դիրքն ու էքստրեմալ պայմանները մշտապես զգոն և համապատասխան միջոցառումների կիրառմանը պատրաստ լինելու անհրաժեշտություն են թելադրում գյուղի բնակիչներին և, իհարկե, ղեկավարությանը: Գնդակոծության հաջորդ օրը մենք եղանք Դովեղում, հանդիպեցինք գյուղապետ ՍԱՄՎԵԼ ԳՈՐԳԻՆՅԱՆԻՆ և փորձեցինք անձամբ իրազեկվել կատարվածի մանրամասներին:

Կրակոցներն սկսվել են ժամը 11-ի սահմաններում: Գյուղի բնակիչ Արսեն Մեհրաբյանին պատկանող ԳԱԶ-53 բեռնատար մեքենան դարձել է կրակոցի թիրախ, վնասվել է մեքենայի մարտկոցը: Մեքենան արագ տեղափոխել են ապահով տարածք: Նորից շարունակվել են կրակոցները, ու երկու փամփուշտ է պայթել նախակրթարանի տանիքին: Իհարկե, սահմանամերձ գյուղում ապրողներին չես զարմացնի կրակոցներով, բայց որ դրանք լինեն բնակավայրի ուղղությամբ, այնքան էլ օրինաչափ չէ. գոնե վաղուց նման բան չէր պատահել, ինչպես նշում է Սամվել Գորգինյանը: Գյուղացիներն արագ հավաքվել են, երեխաներին ապահով ճանապարհով տեղափոխել անվտանգ տարածք, զանգահարել են դպրոց, որպեսզի աշակերտները դասերից հետո տուն չվերադառնան գյուղի գլխավոր ճանապարհով:

Դեպքից մեկ օր անց գյուղն ապրում էր բնականոն կյանքով: Գյուղապետարանի շենքում ընթանում էին շինարարական աշխատանքներ, աշակերտությունը դպրոցում էր: Միայն նախակրթարանի համար էր գյուղապետը բացառություն արել` հորդորելով երեխաներին թողնել տանը և հարազատ միջավայրում հոգալ, որ նրանք հաղթահարեն նախորդ օրվա սթրեսը:

«Դովեղը սահմանամերձ գյուղ չէ, սահմանապահ գյուղ է,- ասում է գյուղապետը:- Երեկվա կրակոցներից հետո առավել զգոն լինելու խնդիր կա: Երեկվա դառը իրականությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ սահմանում ապրելով` պիտի միշտ էլ պատրաստ լինես նման բաների»:

Բարեբախտաբար, մարդկային զոհեր չեն գրանցվել Դովեղում: Մենք տեսանք այն բարձունքը, որից տեղացել են կրակահերթերը: Փամփուշտի հարվածից կոտրվել էր նախակրթարանի ցանկապատը:

Խոսեցինք նաև գյուղի առօրյայի ու բնակիչների մասին: «Մենք բնավորությամբ մեղմ ու բարի ենք,- ասաց Գորգինյանը,- բայց և պատմական փաստ է, որ որևէ անգամ թուրքը չի մտել այս գյուղը, չի վառել մեր բնակավայրը, չի վնասել մեզ: Մեր գյուղը միշտ էլ պատվով է ապրել, կարողացել է պաշտպանել իրեն»:

Դովեղը հայտնի է 17-18-րդ դարերով թվագրվող Սուրբ Սարգիս եկեղեցիով, որը գտնվում է անտառի գրկում և երկար ժամանակ եղել է ուխտատեղի ոչ միայն տեղացիների, այլև վրաստանցիների համար:

Գյուղի անունն ունի երկու մեկնաբանություն: Մեկը կապվում է հենց եկեղեցու հետ. մարդիկ ավանդաբար հավատացել են, որ այդ սրբավայրն ի զորու է բուժելու իր փրկությանն ապավինած, իր դուռը եկած դիվահարներին (զուգահեռվում են «դով»-«դև» արմատները): Մյուս բացատրությունը կապվում է ռուսական արտահայտության հետ: Ռուսներն այս տարածքի սահմանի մասին ասել են, որ այն ձգվում է դեպի վեր` «ՊՏ ՉպՐւ»: Այս արտահայտության հնչյունափոխված տարբերակն էլ դարձել է գյուղանուն` Դովեղ:

Գյուղապետը նշեց, որ բոլոր այն խնդիրները, որ հատուկ են Հայաստանի այլ բնակավայրերին, մանավանդ գյուղերին, առկա են նաև Դովեղում: Չկան անասնապահության, պտղաբուծության նախկին մասշտաբները, չկա որևէ արտադրություն: Այսօրվա երիտասարդությունն էլ շատ չի սիրում կապվել հողի հետ: Սրանք խնդիրներ են, որ մեկ օրում հնարավոր չէ լուծել:

Եվ այսուհանդերձ, հրաժեշտից առաջ նա հույս հայտնեց, որ մենք կհանդիպենք նաև լավ, հաճելի առիթներով, և խոսակցության թեման կլինի ոչ թե գնդակոծությունն ու դրա հետևանքները, այլ ուրախալի իրադարձությունները, որ անխուսափելիորեն պատահում են Դովեղի կյանքում: Իբրև հավաստի ապացույց իր լավատեսության` նա նշեց, որ գնդակոծությանը նախորդած օրերին Դովեղում գրանցվել է երկու ծնունդ, և այդպիսով գյուղի բնակիչների թիվը հասել է 670-ի: Ապագա ծնունդների մաղթանքով մենք թողեցինք հերոսական այդ մարդկանց բնօրրանը, սակայն մեր տեսածի և լսածի հուշն ուղեկցեց մեզ նաև հետագա օրերին:

Առիթը բաց չթողեցինք` զրուցելու Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, Հայաստանի գրողների, ժուռնալիստների, թատերական գործիչների միությունների անդամ, ազատամարտիկ ՍԱՄՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ հետ, ով առանց ավելորդ էմոցիաների փաստեց. «Ինչպես որ Երևանում է շատ բնական, որ փողոցում քայլում են գեղեցիկ աղջիկներ ու տղաներ, այնպես էլ մեզ համար է առօրեական այդ կրակոցների առկայությունը: Դա մեր կյանքի մի մասն է, սովորական ապրելակերպի շարունակությունը: Կրակեցին, պատասխանն ստացան: Եվ միշտ այդպես է լինելու: Չզարմանաք և խոսքերս էլ «չմոնտաժեք». ես չեմ ընդունում ու չեմ հասկանում, որ մենք խնդրում-աղաչում ենք, որ աշխարհը ճանաչի մեզ մորթելու փաստը: Մենք մեր հողի վրա էինք, մեր տանն էինք, ինչո՞ւ թույլ տվեցինք, որ գան մեզ մորթեն: Մենք ուրախանում ենք, որ ընդունում են մեր եղեռնը, ու ծափահարում ենք ընդունողներին: Ո՞վ պիտի ճանաչի: Ամերիկա՞ն, որ իր բնօրրանում մորթեց հնդկացիներին: Մենք դահճին խնդրում ենք, որ ընդունի դահճությո՞ւնը: Ամո՛թ է: Հպարտանում ենք մեր պատմությամբ, բայց դա ամոթալի պատմություն է: Միշտ պարտվել ենք: Ինչո՞ւ: Եվ այսօր էլ աշխարհին խնդրում ենք ընդունել, որ պարտված ենք: Եվ ո՞ր հիմարն է, որ հավատում է, թե Թուրքիան երբևէ կընդունի իր ոճրագործությունը: Արյան դեմ` արյուն: Կարողացել են, արել են: Մենք պիտի մտածենք, թե ինչպես պատահեց, որ տափաստաններից եկածները մեզ մորթեցին: Ինչո՞ւ թույլ տվեցինք: Թո՞ւյլ էինք: Որտեղ դիմադրություն է եղել, թուրքը ոչ մի հայ էլ չի մորթել: ՈՒրեմն, մենք չենք պայքարել, ենթարկվել ենք: Շահերի տարբերություն է եղել: Կային հարուստ և աղքատ խավեր: Հարուստները չմորթվեցին. իրենց համար ապահով նստեցին եվրոպաներում, զարգացրին իրենց բիզնեսն ու, այսօր, սփյուռք դարձած, մեզ բաներ են թելադրում: Մորթվեցին մտավորականն ու ռամիկը: Մեկը խելքին էր զոռ տվել, մյուսը` ձեռքին: Ո՛չ փող ունեին, ո՛չ ոսկի, ո՛չ բիզնես: Չփախան իրենց տնից ու մորթվեցին: Այսօր էլ նույն բանն է: Ես իր տնից փախած յուրաքանչյուրի մեջ դավաճան եմ տեսնում: Թող այստեղ ապրեն ու կարողանան տեր լինել իրենց տանը: Միայն այդպես մենք կհակադարձենք ամեն մի կրակոցի»:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1541

Մեկնաբանություններ